Մեկնարկել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները

Armenpress 20:08, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«2022 թվականի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,- գրել է Թորոսյանը։

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am