Միջազգային հեռավար աշխատաժողովի թեման է եղել ՀՀ-ում սոցիալական վճարների թվայնացումը

Armenpress 19:22, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով՝ նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, աշխատաժողովի ընթացքում Կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների փոխանցման առկա մեխանիզմները, ինչպես նաև անկանխիկ տնտեսություն վարելու մարտահրավերներն ու հնարավորությունները:

Մասնակիցներն ընդգծել են կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նա մասնավորապես կարևոր է համարել այս աշխատաժողովի հիմնական թեման՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով պայմանավորված սոցիալական վճարների փոխանցման հարցը դարձել է առավել քան արդիական:

Քննարկման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին կառուցողական համագործակցության համար: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am