Վահե Ջիլավյանն ընդունել է մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների

Armenpress 17:12, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ընդունել է մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը։

«Որսակ Հայ» որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանի, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորման» նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Աղավնաբազե» որսորդների և բնապահպանների միության ներկայացուցիչ Հովհաննես Խնուսյանի և Մուշեղ Հարությունյանի հետ քննարկվել են ոլորտը կարգավորող օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել համագործակցության հարթակ, որի հիմնական նպատակը կլինի ապօրինի որսագողության դեմ պայքարը։ Առաջարկվել է համատեղ ուժերը ներդնել որսագողերի հայտնաբերման և դրա շնորհիվ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։

Քննարկվել է նաև կենդանական աշխարհի մոնիտորինգին վերաբերող խնդիրը։ Ելնելով վերոհիշյալ կազմակերպությունների բնույթից, առաջարկվել է կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնել համատեղ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am