Հետազոտությունը կասկածի տակ է դրել Covid-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը

Armenpress 14:22, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կիսվելով BBC-ում հրապարակված հոդվածով: 

«60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ»,-նշել է նախարարը:

Հայաստանում ներկայում բուժաշխատողների շրջանում իրականացվում է հակամարմինների թեստավորում: Նախատեսվում է հետո նման թեստավորում անել նաև ազգաբնակչության շրջանում: Սակայն նախարար Արսեն Թորոսյանը շեշտել էր, որ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը անձի վարքագիծը փոխելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի: Չկա նաև իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատևության ապացույց:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am