Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի

Armenpress 09:40, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Որպեսզի իրատեսական դառնա, թե համավարակն ինչպիսի հետեւանքներ է թողել երկրի ժողովրդագրական պատկերի վրա, ըստ մասնագետների՝ դեռ վաղ է գնահատականներ տալ: Սակայն սոցիալ-տնտեսական վատթարացման ցանկացած գործընթաց միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ ժողովրդագրության վրա: Որքանով այս տարի համաճարակն իր «սև գործը» կանի նաեւ ծնելիության մակարդակի նվազեցման ուղղությամբ, «Միջագային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի» փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը հուսադրող ծրագրերից խոսեց:  «ՀՀ»-ի հետ զրույցում, սակայն, նա ասաց, թե որքան էլ պետությունը ժողովրդագրական բացասական պատկերի մեղմմանը միտված աջակցության գործիքներ կիրառի, դրանց գնահատական տալու համար շուրջ 1, 5 տարի է պահանջվելու:

Օրինագիծը, որը հուլիսի մեկից կիրառվում է, վերաբերում է առաջին եւ երկրորդ երեխայի պետական միանվագ դրամական նպաստի կտրուկ բարձրացման գործընթացին: Սակայն, ամենից զատ, ժողովրդագրագետը մատնացույց արեց գյուղական համայքներում ծնելիությանը նպաստող գործիքները, որոնք նախկինում չեն եղել եւ էականորեն հավելյալ եկամուտ կստեղծեն ընտանիքում:

Գյուղական բնակավայրերում բնակվող վարձու աշխատող չհամարվող ծնողներն այսուհետ եւս ստանալու են երեխայի խնամքի նպաստ, մինչեւ երեխայի երկու տարին արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

«Առաջ քաշվեց մոտեցում՝ խնամքի նպաստ տրամադրել նաեւ գյուղական համայնքներում տարբեր տնտեսություններում ներգրավված, բայց չգրանցված կանանց՝ հաշվի առնելով գյուղերում ծնելիության համեմատաբար ցածր մակարդակը», - ասաց Արտակ Մարկոսյանը՝ որոշ վիճակագրական տվյալներ մեջբերելով: Ներկայումս մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը կազմում է ավելի քիչ, քան քաղաքային բնակավայրերում: Նա նկատեց՝ մինչեւ 2010 թ.-ը, եթե գյուղական համայնքներում ծննդաբերող կանանց թիվն ավելին է եղել, քան մայրաքաղաքում, ապա 2018 թ.-ից հետո պատկերը հակառակ միտումն է արձանագրել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am