Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Armenpress 17:16, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 6-ին ն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա անելիքներին:

Զրուցակիցները քննարկել են ոչ ինքնակամ Ադրբեջանում հայտնված և անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր, կարևորել Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը՝ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների անդամների հետ նամակագրության ապահովման նպատակով: 

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրների:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի ղեկավարին՝ պատվիրակության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին աջակցելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am