ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

Armenpress 23:23, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը»,-չի համապատասխանում իրականությանը: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հերքում էր տարածել նաև Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արման Խաչատրյանը, նշելով, որ այդ բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am