Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումը հարցվածները համարում են ոչ կոշտ գործելաոճը

Armenpress 15:46, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված հարցման մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումը համարում են ոչ կոշտ գործելաոճը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե որոնք են Փաշինյանի գործունեություն հիմնական բացթողումները. 16,1%-ը նշել է ոչ կոշտ գործելաոճը, անհաջող կադրային քաղաքականությունը նշել է 9,9%-ը, կտրուկ միջոցներ չկիրառելը նշել է 4,4%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am