Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին

Armenpress 15:25, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին չգտնելու դեպքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում: 

«Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,-պարզաբանեց Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ շփոթմունքն ուղղվել է:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր՝ ահազանգ է ստացել, որ կորել է գյումրեցի մի տատիկի դի: ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել էր՝ մասնավորապես նշելով, որ մինչև պատգամավորի հայտարարությունը, նախարարությունն արդեն իսկ տեղյակ է  եղել դեպքին, հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Հուլիսի 2-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու արտաշիրիմում կարվի:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am