ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները  մշտադիտարկում են իրականացրել խոշոր առևտրի կենտրոններում

Armenpress 21:21, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 2-ին, մշտադիտարկումներ է իրականացրել «Փեթակ»  և «Սուրմալու» առևտրի կենտրոններում և կրկնայցեր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Էրեբունիում տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, «Փեթակ»   տոնավաճառում էական խախտումներ գրեթե չեն հայտնաբերվել, տաղավարներում առկա են եղել ինչպես ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, այնպես էլ դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները և գծանշումները:

Այլ է իրավիճակը «Սուրմալու»  առևտրի կենտրոնում: Այստեղ ՇՎՏՄ-ի աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, հիմնականում բացակայում են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, որոշ տեղերում առկա չեն նաև հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներակայացվում Պարետատուն:

ՇՎՏՄ-Ի կողմից  մշտադիրարկումները  Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն, շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am