Գեղարքունիքի մարզպետն այցելեց միասնական քննությունների մասնակիցներին

Armenpress 17:52, 2 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում մեկնարկած միասնական քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց համապատասխան դպրոցներ, որտեղ տարբեր   խմբերով  ընթանում էին քննությունները:   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչեւ քննությունների մեկնարկը դիմորդների  շրջանում իրականացվել են ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ   եւ արտակարգ դրությամբ պայմանավորված  այլ միջոցառումներ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանի ուղեկցությամբ քննասենյակներում  դիտարկել է  քննությունների ընթացքը:  Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝   94 դիմորդներ քննություն են հանձնել անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն եւ 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից: «Ոչ մի խոչընդոտ չառաջացավ, դիմորդները  սահմանված կարգով մուտք են գործել քննասենյակներ, եւ քննությունը սկսվել է: Քննական ընթացքին հետեւում են գնահատման եւ թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները եւ կազմակերպիչները: Այս պահի դրության ոչ մի դիմորդի մոտ ջերմության խնդիր չի առաջացել, ներկայացուցիչները նույնպես ջերմաչափվել են, ամեն ինչ նորալ է: Մեր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,- ներկայացրել է Սասուն Մկրտումյանը:

Շրջայցից հետո իր տպավորություններն է ներկայացրել մարզպետ Գնել Սանոսյանը: «Շրջայցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ,  խրախուսելի է նաեւ այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների ընթացքում ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետեւելու, թե ինչ է կատարվում դահլիճում: Կարեւոր է նաեւ այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն   պատճենահանել իրենց աշխատանքները եւ տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում  մեր դիմորդները  կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,-  նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am