Ցորենի արտադրության խթանման ծրագիրը կշարունակվի 1-2 տարի. վարչապետ

Armenpress 13:19, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում արձանագրել այն փաստը, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագրով կառավարությունը ցորենի սերմացու չի տրամադրում գյուղացուն, այլ սուբսիդավորում է սերմացուի ձեռք բերումը: «Իսկ թե ումից ձեռք բերի սերմացուն, դա գյուղացին է որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով որոշմանը՝ ասաց վարչապետը: 

«Այս ծրագիրը մշտական չի լինելու, այն ունի բովանդակային կարևոր մի առանձնահատկություն. այսօր մեր գյուղացիները հաճախ ցանում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը: Դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան բավարար միջոցներ որակյալ սերմացու գնելու համար:

Մենք այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն, երկրորդը՝ մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվի: Այսինքն, մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի, այս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիական  տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար: Այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ  բերքատվությունը հաճախ ցածր է նաև այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում։

Հաստատված ծրագրով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ 

«Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am