Դիմակների պրոֆիցիտի պարագայում վարչապետը քաղաքացիներին կոչ է անում կրել բժշկական դիմակներ

Armenpress 12:07, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դիմակների դեֆիցիտ չկա, հակառակը՝ արձանագրվել է պրոֆիցիտ: Այդ մասին կառավարության նիստում ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: 

Նա ասաց, որ դիմակների մի մասը 2 ամիս առաջ է ներկրվել՝ ավելի թանկ գնով, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: «Անգամ 60 դրամով Հայաստանից մեկ անգամ արտահանում է կատարվել: Եթե մենք չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսավարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառել: Այսօր տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որը ենթադրում է, որ գինը կրկին կնվազի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գևորգյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա, երբ ունենք դիմակների պրոֆիցիտ, մենք կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Այսօր շուկայում երբ նայում ենք դիմակների սպառումը, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Նաև ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի հուսալի և օգտակար են»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am