«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2019 թ. 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար

Armenpress 21:48, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախորդ տարի Հայաստանում արձանագրվեց վերջին տասնամյակի համար աննախադեպ տնտեսական աճ՝ 7.6 տոկոս: Այն էական պաշար է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվելիք տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար: Նախորդ տարվա դրական ցուցանիշներն ապահովող տնտեսության ճյուղերի կառուցվածքը ցույց է տալիս, որ էական նախադրյալներ կան անհամեմատ ավելի հեշտությամբ հաղթահարելու համաշխարհային մակարդակով ստեղծված, այդ թվում նաեւ մեր հանրապետությունում սպասվող սոցիալ-տնտեսական դժվարությունները: Տնտեսական դրական ցուցանիշներին նպաստել էր պետական ներդրումների, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների աճը: 2018 թ. համեմատ նախորդ տարի կապիտալ ծախսերն աճել էին 4.7 տոկոսով: Դրանք դրական էին ազդել արդյունաբերության եւ ծառայությունների վրա, մասնավորապես՝ էլեկտրականության, գազի, մշակող արդյունաբերության ոլորտներում:

Այս տարի էլ կառավարությունն աննախադեպ ծավալի կապիտալ ծախսեր է անում, որը ոչ միայն կաշխատեցնի տնտեսությունը, այլեւ կնպաստի թեկուզ ժամանակավոր, բայց նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սա կարեւոր է համավարակի պատճառով ստեղծված ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար: 2020 թ. այս պահի դրությամբ պետությունը միայն ճանապարհաշինության ոլորտում արդեն հաստատել է 31 մլրդ դրամի կապիտալ ծախսեր: Նախորդ տարի պետական բյուջեի կապիտալ ծախսերը մեծ են եղել բյուջեի պակասուրդի մեծությունից: Գործադիրն արդեն այսօր իրականացնում է ծրագրեր եւ գործողություններ, որոնք թիրախավորում են առավել ռիսկային ոլորտները եւ միտված են բացասական հետեւանքների մեղմմանը: Այս գործողությունների արդյունավետ իրականացման դեպքում կարելի է ակնկալել տնտեսության ավելի քիչ անկում, քան համաշխարհային տնտեսական անկման ցուցանիշներն են լինելու»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am