Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Մարտին Գալստյանի հետ

Armenpress 17:20, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը նախ շնորհավորել է Մարտին Գալստյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել աշխատանքային գործունեության մեջ:

Զրուցակիցները մասնավորապես մտքեր են փոխանակել համավարակի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխությունների, մեր երկրում դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ, անդրադարձել համավարակի տնտեսական հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ընթացիկ գործունեության և ծրագրված աշխատանքների մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am