Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է. Մխիթարյան

Armenpress 17:11, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական ակումբի հետ ձեռք բերված համաձայնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում Մխիթարյանը գրել է, որ ուրախ է «Ռոմա»-ում աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում, և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց  ուզում եմ հասնել «Ռոմա»-ի կազմում: Առա՜ջ, «Ռոմա»,-գրել է հայ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:  Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am