ՀՀ վարչապետի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հեռագրի շուրջ շահարկումները

Armenpress 12:57, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչը ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս: Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին: Ի լրումն, տեղեկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից: Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային եւ պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը:

Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am