Սեւանա լճի մակարդակը նախորդ հունիսի համեմատ բարձր է 2 սանտիմետրով

Armenpress 12:00, 23 Հունիս, 2020
ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլաթյան): Չնայած այս տարվա հունիսից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձր մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 22-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 140 միլիոն 292 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս ամսի ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 27 միլիոն 106 հազար խորանարդ մետր ջուր:
 
 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am