Երևանում վայրէջք կատարեց սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

Armenpress 18:16, 19 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին հունիսի 19-ին Սերբիայից Հայաստան է հասել մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը:

Որպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի պայմանավորվածությունների գործնական շարունակություն՝ հուլիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել սերբական օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ Հայաստան բերելով բժշկական անհրաժեշտ սարքավորումներ և մեծաքանակ պարագաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին որպես աջակցություն տրամադրված այս թանկարժեք օգնության ակունքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի ջերմ հարաբերություններն են:

Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները:

Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց: «Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ,-ասել է Տատյանա Ցվետկովիչը: -Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»։

Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am