Ոչ ոքի հետ խնդիր չունեմ․ դատավոր Ազարյանը խոսել է իշխանությունների հետ իր հարաբերություների մասին

Armenpress 17:31, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը վստահեցնում է, որ որևէ խնդիր չունի իշխանությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննարկման ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում  այս մասին ասաց Ազարյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա խնդիրներ ունի օրվա իշխանությունների հետ։

«Միգուցե այլ մասնավոր անձինք կամ տարբեր ճյուղերի իշխանությունները իմ նկատմամբ խնդիր ունեն, ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ։

Իմ գործը շատ ուղիղ է և շիտակ՝ ես արդարադատություն եմ իրականացնում, անկախ նրանից այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետք է հասնել այդ մակարդակին, որ առաջին հերթին իշխանությունը, երկրորդ հերթին հանրությունը հասկանա, որ դա է ժողովրդավարության սկզբունքներից մեկը»,- նշեց Ազարյանը։

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am