Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 665 նոր դեպք․ Փաշինյանը նման մեծ թվերը կապում է դիմակ չկրելու հետ

Armenpress 09:55, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հունիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 665 դեպք, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապում է զանգվածաբար դիմակ չկրելու հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am