Դժվար կլինի, երբ Գագիկ Ծառուկյանը չլինի մեր կազմակերպչական աշխատանքների գլխավերևում. Իվետա Տոնոյան

Armenpress 20:16, 17 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար դժվար կլինի, երբ իրենց ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը չլինի կազմակերպչական անմիջակյան աշխատանքների գլխավերևում։ Այդ մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Պարոն Ծառուկյանի կոչով մենք մեր աշխատանքները կազմակերպելու ենք հավուր պատշաճի, բարձր արդյունավետությամբ շարունակելու ենք թե մեր օրենսդիր գործունեությունը, թե բնակչության հետ տարվող մեր գործունեությունը։  Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քաղաքական թիմի անդամների հետ քննարկումների, կոնսուլտացիաների միջոցով և վերջում արդեն կոլեգիալ կայացվելու են մեր քաղաքական որոշումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով լուրերին, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են, Տոնոյանը նշեց. «Մամուլի իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ, որ կանխատեսումներով, բախտագուշակությունների շարքից հրապարակումներով հանդես չգան։ Եթե կա ինչ-որ հարցի վերաբերյալ ճշգրտման անհրաժեշտություն, ապա կարող են զանգել կամ ինձ կամ պարոն Վանեցյանի լրատվական ծառայություն։ Պարոն Ծառուկյանը հակասություն չունի որևէ գործակցող կողմի հետ»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am