Մակունցը պարզաբանեց, թե ինչու էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդության հարցով նիստում

Armenpress 13:24, 17 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութան ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե խմբակցությունն ինչու էր լուռ հունիսի 16-ի նիստում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկմանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ հունիսի 17-ի նիստում իր ելույթում:

«ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էինք: Եվ հիմա պարզաբանեմ, թե ինչու: Որովհետև իրավական գործընթացին, իրավական գործին «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե ՀՀ հանրությունը, թե մեր միջազգային գործընկերներն իրավունք ունեն առանց որևէ ավելորդ զեղումների, ավելորդ ելույթների միջամտության, լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ վերջին շրջանում բոլոր հնարավոր հարթակներում փորձ է կատարվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ դրանով իսկ փորձ կատարելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: «Ուստի, որևէ գործով, որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ ՀՀ-ում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի պնդումներին, թե իշխանությունը Ծառուկյանին վերագրվող գործով ցանկանում է պարզապես լռեցնել ընդդիմությանը՝ Մակունցը վստահեցրեց, որ որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունը ոչ միայն չի համապատասխանում իշխանության արժեքային հենքին, այլ նաև չի համապատասխանում իրականությանը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։

Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում ՀՀ-ում անցկացված  ԱԺ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աննա Գրիգորյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am