Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին

Armenpress 13:01, 15 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա անձնական ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Չափազանց կարևոր է, որ դպրոցներն լինեն անվտանգ և հակամարտություններից զերծ վայրեր: Որպես Ապահով դպրոցների միջազգային հռչակագիրը վավերացրած երկիր, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների ժամանակ ուսումնական հաստատությունների և դրանց ամբողջ անձնակազմի համար շարունակական կրթության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին:

Վստահ եմ նաև, որ մարդկության առջև ծառացած այս դժվարին ժամանակաշրջանում միայն համատեղ մեծ ջանքերի շնորհիվ կկարողանանք ապահովել դպրոցական միջավայրերի անվտանգությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի նամակում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am