COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 425-ը ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Armenpress 11:27, 12 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության ներքո: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մնացած 1800-ը հիվանդանոցային պայմաններում են: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են և 23 մարդու  միացված է արհեստական շնչառական ապարատ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է: 

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: 

Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am