Ձյուդոիստները վարկանիշային մրցաշարերը կվերսկսեն պանդեմիայի նվազ վտանգավոր փուլում  

Armenpress 15:06, 10 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան միջազգային և վարկանիշային մրցաշարերը կվերսկսի կորոնավիրուսի պանդեմիայի նվազ վտանգավոր շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը` մեջբերելով միջազգային ֆեդերացիայի նամակը ազգային ֆեդերացիաներին. «Մենք ուշադիր հետևում ենք աշխարհի առողջապահական իրավիճակին, տարբեր երկրների  կառավարությունների հրահանգներին և COVID-19- ի դեմ պայքարի ընթացքին: Ուրախ ենք, որ որոշ երկրներ իրենց սահմանները բացելու ճանապարհին են: Ֆեդերացիան  քննարկում է համաշխարհային մրցաշարերի ժամկետները հետաձգելու հարցը: Երբ իրավիճակը կդառնա անվտանգ, կվերսկսվեն օլիմպիական խաղերի  վարկանիշային մրցաշարերը։ Նախատեսում ենք գործընթացը  սկսել սեպտեմբերին: Հուսանք, որ այդ ժամանակ առողջապահական  ճգնաժամն այլևս չի ազդի ճանապարհորդության և աշխատանքային պայմանների վրա»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձյուդոյի եվրոպական ասոցացիան հրապարակել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկված կամ հետաձգված մրցաշարերի նոր օրացուցային պլանը: Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի 8-10-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am