Քննչական կոմիտեն նախորդ տարի տնտեսել է 232 մլն դրամ

Armenpress 20:32, 9 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 232 մլն դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Քննչական կոմիտեի բյուջեն 2019թ. համար շուրջ 8,3 մլրդ դրամ էր: Փաստացի 8,1 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ցուցանիշի 97,2%-ը: Տնտեսվել է 232 մլն դրամ»,- ասաց Գրիգորյանը:

Հայկ Գրիգորյանը հավելեց, որ Քննչական կոմիտեում 2019թ. պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականցվել է 7 միջոցառում:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am