Նիկոլ Փաշինյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանոթացավ կորոնավիրուսով վարակվածների վիճակին

Armenpress 20:55, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա եղավ բոլոր բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և հիվանդների հետ՝ վերջիններիս առողջություն մաղթելով:

«Սիրելի հայրենակիցներ, հասանք «Սուրբ Գրիգոր Լուսվորիչ» բժշկական կենտրոն: Ինձ հետ են տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, ով երեք անգամ մասնակցել է մեր բրիֆինգներին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով տեղեկացրեց Փաշինյանը:

Արսեն Թորոսյանը Փաշինյանին հայտնեց, որ բժշկական կենտրոնում ամենամեծ թվով պացիենտներն են, և վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը այդ հիվանդանոցում է, իսկ Հովակիմյանն էլ նշեց, որ այս պահին վերակենդանացման բաժնում երեք ազատ տեղ ունեն:

Զրուցելով բժիշկների հետ՝վարչապետը տեղեկացավ, որ նրանցից ոմանք երկու ամիս տուն չեն գնացել: Վարակվածներից մի քանիսն էլ ասացին, որ համեմատաբար լավ են իրենց զգում:

Փաշինյանը շրջայցի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին, առողջապահության կազմակերպիչներին  և բոլոր նրանց, ովքեր օգնում են ժողովրդին վարակը հաղթահարելու գործում:

Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսվորիչ» բժշկական կենտրոն այցելելը Փաշինյանն ու Թորոսյանը շրջայց էին կատարել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  70 000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am