Այս իրավիճակում երկրի շահը պահանջում էր նման որոշում․ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկության մասին

Armenpress 20:00, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության պատճառին, նշեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման ժամանակ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ցույց տան ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ես երջանկություն եմ մաղթում բոլոր նորապսակներին, ինչպես նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն և հարսին։ Հույս ունեմ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն»,- նշեց Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության օրերին՝ հունիսի 7-ին Դավթյանի որդու հարսանիքի մասին։ Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում որոշումները շատ հաճախ միանշանակ չեն լինում, բայց լինում է մի գիծ, երբ արտակարգ դրության օրերին կարգապահության ճշգրիտ ու անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի համեմատ։

«Ես ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էր կայացնել նման որոշում։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ առավել ևս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։ Դրանով մենք կկարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկություններին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի կարծում, թե ՀՀ-ին և հայ ժողովրդին ծառայելու նրանց պոտենցիալը սպառված է և ըստ իրավիճակի հնարավոր է համարում, որ կքննարկվեն այդ անձանց հետագա ծառայությունների հարցերը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am