Արցախի պարետը վերացրել է Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում ժամանակավոր սահմանափակումները

Armenpress 16:24, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ատրակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից։

«Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում:

Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրում տեղադրվելու է հատուկ անցակետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am