Արցախում նոր կորոնավիրուսը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ

Armenpress 11:54, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:

«Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է նախարարության հաղորդագրությունում:

Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am