Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ

Armenpress 20:07, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 5-ին շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:

Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել վերակենդանացման բաժանմունքում առկա բժշկական սարքերին, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություններին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկաները ծանոթացել են կորոնավիրուսով վարակվածների սպասարկման համար կառուցվող նոր բաժանմունքի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Փոխվարչապետը կարևորել է առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am