Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի թթվածին արտադրող կայանը կարդիականացվի

Armenpress 16:27, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կրիոգեն կայանը կարդիականացվի: Կայանը հիմնադրվել է 1978 թվականին, արտադրում է բարձր որակի թթվածին: Տասնամյակներ շարունակ գործող կայանն այս օրերին գերծանրաբեռնված է աշխատում հանրապետության բուժհաստատություններին թթվածին հասցնելու համար:

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, կայանի աշխատանքը վտանգված էր, կարող էր անդառնալի հետևանքներով զարգացում լինել:

«Իրավիճակն այնպիսին է, որ ամեն վայրկյան կարող են սարքավորումները պարզապես չդիմանալ: Գլխավոր մտահոգությունն այն էր, որ եթե կայանի աշխատանքը խափանվեր, ապա հիվանդներին թթվածին մատակարարելը կլիներ հարցականի տակ: Դիմեցինք համապատասխան կառույցներին, շատ արագ արձագանքեցին»,-ասաց Անի Ապրահամյանը:

Ընդանուր առմամբ, 250 միլիոն դրամ է անհրաժեշտ թթվածնի կայանի անխափան աշխատանքի համար: Անի Ապրահամյանը նշեց, որ երկու ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, մեկը նորոգումն է, մյուսը՝ երբ հնարավոր լինի, նման նոր կենտրոն ստանալն է:

Այժմ լաբորատորիան պատրաստում է նախահաշիվները: Կայանի վերազինումը հնարավորություն կտա ավելացնել թթվածնի արտադրության ծավալները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am