ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով

Armenpress 14:44, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում այս տարի ևս ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից։

Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

 

        Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2020թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած հրապարակումները: Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

 

Ընտրություն

            Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 4 անվանակարգերում`

Լավագույն հեռուստառեպորտաժ Լավագույն ռադիոռեպորտաժ Լավագույն տպագիր հոդված Լավագույն առցանց հոդված

Մրցութային նյութերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող և հանրության համար ընկալելի հրապարակումներին։

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2021թ. հունվար-փետրվարին։

            Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այս տարվա ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները: 

 

ՀԻՇԵՑՈՒՄ

Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ:

 Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374-10-527731 հեռախոսահամարով։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am