Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

Armenpress 10:06, 4 Հունիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանին թեկնածու ներկայացնելուց առաջ նպատակահարմար է համարել հարցի շուրջ շահագրգիռ քննարկում ծավալել և լսել իր գլխավորած քաղաքական դաշինքի անդամների կարծիքը:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ազգային ժողովին ներկայացնել Ստեփանակերտ քաղաքի դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը` ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

                     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am