Զորամասի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 09:31, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am