Կառավարությունը դեմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած օրինագծին

Armenpress 18:57, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է դեմ քվեարկել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի վերաբերյալ գործադիրի դիրքորոշումը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Մինչ օրս կա մոտ 20 հազար մեկուսացված ու ինքնամեկուսացված անձ: Մեկուսացվածների թիվն անընդհատ կարող է ավելանալ: Կառավարությունը կարծում է, որ ժամանակավոր անաշխատունակության ներդրված մոդելը հնարավորինս հավասարակշռում է քաղաքացու, գործատուի ու պետության շահերը: Մեր կարծիքով, այս ներկայացված նախագծի պարագայում խնդիրներ կառաջացնենք գործատուների համար, այն առումով, որ որոշակի ծախս կդնենք գործատուների վրա»,- ասաց Սաիյանը:

Նախարարի տեղակալը հորդորեց զերծ մնալ օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններից:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am