Համայնքներում կուժեղացվի բնապահպանական կրթության և դաստիարակության դերը

Armenpress 18:22, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ համայնքներում ուժեղացնել բնապահպանական կրթության և դաստիարակության դերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն Ազգային ժողովի նիստում ընդունվեց 102 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Առաջարկվող փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական և կրթական բարեփոխումներին ներդաշնակ և «Կրթություն` հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական կրթության և դաստիարակության դերը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս, Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը նշեց, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում էկոլոգիական կրթությանը և դաստիարակությանը: Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են` բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և էկոլոգիական կրթության խթանումը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am