Փաստաբանների պալատի խորհրդի աշխատանքը առցանց կազմակերպելու հնարավորություն կտրվի

Armenpress 17:54, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած օրենքի նախագծով սահմանվում է, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են կայացվել նաև առցանց նիստերի միջոցով, ինչպես նաև առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով:

«Նախագծով, ըստ էության, նախատեսվում է նիստերի անցկացման առկա ձևից զատ, նախատեսել նաև նիստերի անցկացման հեռավար տարբերակ և հարցմամբ նիստեր անցկացնելու հնարավորություն: Հեռավար ռեժիմով նիստերն անցկացվում են, ըստ էության, համանցանցի միջոցով կամ հեռահաղորդակցության կապի միջոցներով: Հարցման միջոցով նիստ անցկացնելը վերաբերում է այն դեպքերին, երբ հարցում ուղարկելու միջոցով ստացվում է համպատասխան անձանց դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ և որոշում է կայացվում»,- ասաց Վարդանյանը:

Այսպիսով, սահմանվում է, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով՝ սույն օրենքով, Պալատի կանոնադրությամբ և Պալատի խորհրդի կողմից հաստատված խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

Նախատեսվում է նաև օգտագործել տեխնիկական այլ միջոցներ, մասնավորապես, ծանուցման արդյունավետ եղանակներ՝ նախատեսելու նպատակով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 104 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am