Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը

Armenpress 11:29, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգմավորներ Մխիթար Հայրապետյանի, Արտակ Մանուկյանի,  Համազասպ Դանիելյանի, Սերգեյ Բագրատյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած նախագծով առաջարկվում է բարձրացնել խորհրդարանի մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը:

«Փոփոխությունները միտված են մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի և արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Առաջարկվող փոփոխությամբ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին և հանրությանը՝ ելնելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներից:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի առավել քննարկված և հիմնավոր որոշումների կայացմանը. գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովը կարող է որոշում  կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ ներակայացնել առաջարկ, ինչն իր հերթին բարձրացնում է  երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարևորությունը: Առաջարկվում է նաև մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատակազմերի հաստիքացուցակում ավելացնել խորհրդականի հաստիքը, որը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով և առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am