Խորհրդարանն ընդունեց սպառողական կրեդիտավորմանն առնչվող նոր նախագիծը

Armenpress 10:37, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը » խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով, ըստ էության, սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ԱԺ նիստում ստացավ 112 «կողմ» ձայն:

Նախագծով սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

 Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում առաջարկվում են կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: Այսպիսով, ԿԲ-ն կսահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am