«Լուսավոր Հայաստան»-ը վարկի երաշխավորի պարտավորությունները մեղմացնող օրինագիծ է մշակել

Armenpress 20:23, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի մեղմացնել վարկի երաշխավորի պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Շատ հաճախ վարկ վերցնողներից պահանջվում է երաշխավորություն ներկայացնել իրենց հարևաններից, բարեկամներից, հարազատներից: Շատերը բացարձակ չգիտակցելով դրա իրավական ու ֆինանսական հետևանքները, տալիս են այդ երաշխավորությունը և որոշ դեպքերում կանգնում փաստի առաջ: Մենք առաջարկում ենք, որ վարկը չմարելու դեպքում, միանգամից պահանջ չներկայացվի երաշխավորի նկատմամբ և ֆիզիկական անձ-երաշխավորի դեպքում այն կրի սուբսիդիալ կամ լրացուցիչ պարտավորություն»,- ասաց Խաչատրյանը:

Ներկայացված օրինագծով՝ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան և միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am