Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով

Armenpress 17:17, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:

Օրենքի նախագծին դրական եզրակացություն է տրվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am