Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին Հանրապետության օրվա առթիվ

Armenpress 11:24, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։

Սահմաններ չճանաչող համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ ճգնաժամի պայմաններում իմ անկեղծ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին: Բարձր եմ գնահատում մարդկային կյանքեր փրկելուն և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ձեր երկրի ջանքերը: Հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և մենք կվերսկսենք առօրյա բնականոն կյանքը՝ կրկնապատկելով մեր երկրների և ժողովուրդների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am