Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը նախորդ տարի ավելացել է 26.6 տոկոսով

Armenpress 14:12, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2019-ին քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի է, պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ, տարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս:

«Կոռուպցիայի դեմ քրեաիրավական համակարգված պայքարը շարունակում է մնալ դատախազության ավերապահ ռազմավարական առաջնահերթություններից: 2019-ին առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերի առթիվ քրեական վարույթների հարուցման դինամիկան շարունակել է մնալ բարձր: Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը 2018-ի համեմատ ավելացել է 26.6 տոկոսով: Նման զգալի աճի և դրանով պայմանավորված` քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 34 տոկոսով ավելի քրեական գործի վարույթ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերի քանակը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 60 տոկոսով, իսկ դատի տված անձանց թիվը՝ շուրջ 35 տոկոսով: Ընդ որում, կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել շուրջ 120 տոկոսով»,-ասաց դատախազը:

Քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի է, պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ: Տարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am