ԱՄԷ լրատվական գործակալությունը լուրերը կհաղորդի ևս հինգ նոր լեզուներով

Armenpress 11:50, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվական գործակալությունը (WAM) լուրերը կհաղորդի ևս հինգ նոր լեզուներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գործակալության կայքը:

Wam.ae կայքի լրահոսում ավելացվել են սինգալերեն, մալայալամ, ինդոնեզերեն, բենգալերեն և պուշտու լեզուները: Փոփոխությունը հնարավորություն կտա լրահոսը հասանելի դարձնել մոտ 551 միլիոն մարդու համար, որոնք խոսում են այս լեզուներով:

Պետական նախարար, դոկտոր Սուլթան բին Ահմադ Սուլթան Ալ-Ջաբերը նշել է, որ նոր լեզուների ավելացումը համապատասխանում է երկրի տեսլականին և ԱՄԷ-ի մեդիա ոլորտը զարգացնելու ու տարածաշրջանային և միջազգային դիրքերը ամրապնդելու ձգտմանը՝ գլոբալ մեդիա ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների լույսի ներքո:

«Մենք ձգտում ենք 18 լեզվով նորությունների ծառայություններ առաջարկել, ստեղծել հաղորդակության նոր ուղիներ ամբողջ աշխարհում ավելի մեծ թվով մարդկանց ընգրկելու համար՝ արտացոլելով մեր արժեքները և ազգային շահերը:

Նա հավելել է, որ ներկայիս հանգամանքները, որոնց հետ աշխարհը բախվում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, պահանջում են գիտելիքների պաշտպանություն և կեղծ նորությունների դեմ պայքար, ուստի ԱՄԷ լրատվական ծառայությունների ընդգրկման ոլորտի ընդլայնումը կաջակցի ճշգրիտ և հավաստիությամբ բնութագրվող նորությունների պաշտոնական, վստահելի աղբյուրներին:

«Մենք շարունակում ենք կատարելագործել մեր ծառայությունները բնակչության ավելի լայն շերտերի ընդգրկման համար նոր ալիքների և գործիքների ստեղծման մեր ռազմավարական ծրագրերի շրջանակներում՝ տրամադրելով բարձրորակ կոնտենտ և միաժամանակ ամրապնդելով ԱՄԷ-ի հեղինակությունը, որը դարձել է ազդեցիկ տարածաշրջանային և միջազգային խաղացող», - ընդգծել է պետական նախարարը:

Նա հավելել է, որ նոր լեզուները կաջակցեն մշակութային բազմազանությանը և կամրապնդեն Արաբական Միացյալ Էմիրություններում մշակութային բազմակարծությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am