ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Armenpress 17:34, 31 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության  ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող մշտադիտարկումներին զուգահեռ Տեսչական մարմնի բոլոր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մարզերում ևս հսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:

Առավոտից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող  լայնամասշտաբ մշտադիտարկումները և ուժեղացված վերահսկողությունը շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am