Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Armenpress 19:55, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը որոշում է կայացրել արգելափակել Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել․

«Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։

Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։ Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,- ասված է հայտարարության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am