Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստի արարողությանը, սահմանված կանոնները չպահպանելու արդյունքում, մահացածի երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ առողջապահության նախարարը նույնիսկ զեկուցեց, որ ունենք այսպիսի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից՝ կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են և մահացել՝ կորոնավիրուսից: Այս դեպքով ունենք մեկ ընտանիքում երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ մարդկանց հորդորում են դիմակ դնել, քանի որ հանրապետությունում կան կորոնավիրուսի՝ հազարավոր ասիմպտոմ դեպքեր: Եվ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են, չունեն որևէ բողոք, որ դիմեն առողջապահական հիմնարկ և թեստավորվեն:
Վարչապետը նկատեց՝ իսկ պարզագույն կանոնների պահպանմամբ նույնիսկ եթե մարդը առնչվի ասիմպտոմ դեպքերի հետ, ունի 95 տոկոս հավանականություն, որ չի վարակվի:
Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 120 դեպք:
Աննա Գրիգորյան