Կանոնների պահպանումը կբերի ոչ միայն թվի նվազման, այլ նաև կօգնի հաղթահարել համաճարակը. Փաշինյան

Armenpress 18:56, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ղեկավարությունը միանշանակ վստահ է, որ առաջարկված կանոնների ճշգրիտ և որակյալ պահպանումը ոչ միայն կբերի կորոնավիրուսի ընդհանուր թվի նվազեցման, այլև կօգնի ընդհանուր առմամբ հաղթահարել համաճարակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մի քանի անգամ բազմակողմանի քննարկել ենք այն կանոնները, որ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին: Եվ մենք վստահ ենք՝ միանշանակ և աներկբա, 100 տոկոսով, որ այս կանոնների ճշգրիտ և որակյալ պահպանումը ոչ միայն կբերի ընդհանուր թվի նվազեցման, այլև մեզ կօգնի ընդհանուր առմամբ հաղթահարել համաճարակը: Համաճարակի հաղթահարման գործընթացը պայմանավորված է մեր կողմից առաջարկված կանոնների պահպանմամբ և դրանց որակով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նկատեց, որ հատկապես վերջին օրերին շատ է տարածվում միջազգային մամուլում մարտի 31-ից տեղ գտած տեղեկատվությունը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ժամանակ հորդորել է դիմակ կրել հիվանդներին և հիվանդ խնամողներին: «Դա եղել է մարտի 31-ին, դա եղել է մի պայմաններում, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար: Եվ ընդհանուր առմամբ սա նաև ցույց է տալիս, որ քանի որ սա նոր տեսակի կորոնավիրուս է, նոր համաճարակ է, ամբողջ աշխարհում եղել է և ինչ-որ առումով կարող է լինել շփոթ՝ միջոցների արդյունավետության գնահատման վերաբերյալ: Եվ սա այն պարագան է, երբ ողջ մարդկությունը, մենք բոլորս իրար հետ սովորում ենք համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները: Եվ այս շփոթը, որ գուցե ՀՀ քաղաքացիները նկատել են մեր երկրում, առկա է նաև ամբողջ աշխարհում և նախկինից դուրս բերված հաղորդագրությունները նույնպես վկայում են այդ մասին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը մեկ անգամ ևս շեշտեց՝ համոզված են, որ առաջարկած կանոնները պահպանելու դեպքում կորոնավիրուսի համաճարակի տեմպերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի:

Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  120 դեպք: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am